Այսօր ես, Տեր Արտաշես քահանա Հակոբյանը, Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվը, հանրությանը տեղեկացնում եմ մի անհանգստացնող իրադարձությունների շուրջ, որոնք տեղի են ունեցել այս առավոտ։
Առավոտյան ինձ այցելեցին եկեղեցու բարերար Համլետ Գորոյանը և Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը, որը նաև Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի տեղակալներից է։ Նրանք հորդորեցին ինձ հանձնել եկեղեցու բանալիները։
Իմ պատասխանը բացարձակապես մերժողական էր։ Ես պարզապես հասկացրեցի, որ ոչ ոք, ոչ մի կերպ, չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Սա բացառապես իմ, որպես հոգևոր հովիվ, և իմ թեմի առաջնորդի լիազորությունների շրջանակում է։ Եկեղեցին իմ հոգևոր հովանավորչության տակ է, և որևէ արտաքին միջամտություն, հատկապես նման պահանջի տեսքով, անթույլատրելի է։
Իմ հրաժարականից հետո բարերարը բարձրացրեց իր տոնը և անցավ անձնական վիրավորական հարձակումների։ Նա պնդեց, որ եկեղեցին իրենն է պատկանում, սակայն ես անհապաղ ընդգծեցի, որ եկեղեցին կառուցված է Մայր Աթոռի սեփականության հողի վրա, և ես ունեմ համապատասխան վկայական։
Ես խնդրում եմ ոչ մեկ չխառնվել այս հարցին։ Շատերը չեն էլ գիտակցում, թե ինչ ծանր և բարդ իրավիճակի մեջ են մտնում իրենք։ Ի վերջո, պետք է Աստծո առաջ և ամեն մարդու խղճի առաջ պատասխան տան։
Եկեղեցին ամեն կիրակի լեփ-լեցուն է հավատյալներով, որոնք կանգնած են ինձ և եկեղեցու կողքին։ Նրանց աջակցությունը իմ ամենամեծ ուժն է։
Իմ հոգևոր պարտքն է պաշտպանել եկեղեցին և նրա հավատյալ ժողովրդին։ Ես վերահաստատում եմ իմ դիրքորոշումը․ ես եկեղեցում եմ, չեմ պատրաստվում դուրս գալ, թող գան, ինչ անելու են, թող անեն։ Ես պաշտպանում եմ եկեղեցին և ոչ ոք չի կարող միջամտել դրա ներքին կյանքին։










Got a Questions?
Find us on Socials or Contact us and we’ll get back to you as soon as possible.