Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Երաշխավորված խաղաղություն. Հայաստանի վերականգնման ճանապարհը

Մեր թիմի կողմից մշակված «Երաշխավորված խաղաղություն» ծրագրի հիմնական սկզբունքներից մեկը, որը ձևավորվեց «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հետ քննարկումների արդյունքում, խաղաղության հասնելու նոր մոտեցում է։ Մենք պետք է հրաժարվենք ներկայիս վիճակից, որը բնութագրվում է անվստահությամբ, սպառնալիքներով և պարբերական զիջումներով։

Ընտրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Դա ընտրություն է երաշխավորված, կայուն խաղաղության և անվստահելի, պայմանական հրադադարի միջև։ Որևէ համաձայնություն, որը չի ունենա միջազգային իրավական հիմք և հստակ երաշխավորներ, խոցելի է։

Մեր թիմը առաջ է մղում «Երաշխավորված խաղաղություն» գաղափարը, որը նախատեսում է պայմանավորվածությունների համակարգ, որը կամրագրված է միջազգային իրավական մեխանիզմներով և ապահովված է վերահսկողության և պատասխանատվության հստակ գործիքներով։

Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր պարտավորություններին, սակայն միևնույն ժամանակ անդադար զարգացնի իր ներուժը՝ տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու համար։ Անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար անհրաժեշտ է աշխատել նոր դաշնակիցների հետ՝ հիմնվելով իրատեսական, փոխշահավետ հարաբերությունների վրա։

Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա, այլ՝ փոխլրացման, շահերի համընկման և աշխարհաքաղաքական կամուրջների սկզբունքի վրա։

Տնտեսական անվտանգություն. Խաղաղության հիմքը

Ես ուզում եմ խոսել տնտեսական անվտանգության մասին։ Այն ոչ միայն ազգային անվտանգության հիմքն է, այլև կայուն դիվանագիտության, հուսալի պաշտպանության և լիարժեք ինքնիշխանության հիմքը։

Պետք է հասկանալ մեր տնտեսության կառուցվածքը, բիզնեսի տրամաբանությունը և աշխատատեղերի ստեղծման բարդ մեխանիզմները։ Գեղեցիկ խոսքերով և սուտ հույսերով մոլորեցնել մեր ժողովրդին անթույլատրելի է։ Ազնվությունը պահանջում է ընդունել, որ ԵԱՏՄ շուկան այս պահին իրատեսական այլընտրանք չունի։ Մենք պետք է օգտվենք այդ հնարավորություններից, ոչ թե քանդենք եղածը։

ԵԱՏՄ շրջանակներում մենք ունենք զարգանալու մեծ ռեսուրս։ Դրան զուգահեռ կարիք ունենք նոր տեխնոլոգիաների, և այստեղ Արևմուտքի հետ գործակցությունը (ԵՄ, ԱՄՆ) չափազանց կարևոր է։ Տեխնոլոգիաների և ներդրումների առումով մենք զարգանալու հսկայական պոտենցիալ ունենք նաև Չինաստանի հետ հարաբերություններում։ Հնդկաստանի, ինչպես նաև արաբական աշխարհի հետ ունենք ահռելի աշխատանքի և «աշխարհատնտեսական բարեկամության» դաշտ։ Այս բոլոր ուղղություններով անհրաժեշտ է գրագետ և նպատակային աշխատանք։

Ինքնիշխանություն և կայունություն

Խաղաղությունը երաշխավորվում է ներքին ամրությամբ, ներքին համերաշխությամբ, առողջ դիվանագիտությամբ, խելամիտ պաշտպանական համակարգով, տնտեսական ու դաշնակցային բազմակողմանի և արդյունավետ գործակցությամբ, ու հասարակության բոլոր շերտերի հետ ազնիվ ու կառուցողական աշխատանքով։

Երաշխավորված խաղաղությունը մի վիճակ է, երբ մարդը իր կյանքը ծրագրում է ոչ թե մեկ ամսվա, այլ՝ տարիների կտրվածքով, երբ ծնողները հանգիստ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին, երբ երիտասարդները մտածում են հայրենիքում մնալու, կայանալու և ընտանիք կազմելու մասին, երբ գործարարը ներդրում է կատարում՝ վստահ լինելով կանխատեսելիության մեջ, երբ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև՝ ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն և համախմբված հասարակություն։

Երաշխավորված խաղաղությունը Հայաստանի վերականգնման, ազգային վերածննդի առանցքային գաղափարն է, որը ենթադրում է բոլոր կարող ուժերի և անհատների միասնական, նվիրված, գրագետ աշխատանքը։ Ես համոզված եմ, որ Հայաստանը կարող է անցնել այս ճանապարհով։